Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագիտական կրթության միջազգային 49-րդ ֆորումը

18.12.2023

Կից լուսանկարներ

Դիվանագիտական կրթության միջազգային 49-րդ ֆորումը

Դիվանագիտական կրթության միջազգային 49-րդ ֆորումը

 

Ամբողջ ալբոմ »

Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը դեկտեմբերի 12-ից 15-ը մասնակցեց Դիվանագիտական կրթության միջազգային 49-րդ ֆորումին: Դիվանագիտական ակադեմիաների տնօրենների և արտաքին հարաբերությունների ինստիտուտների դեկանների ամենամյա հավաքը տեղի ունեցավ Բանգկոկում և հյուրընկավել էր Թայլանդի Դևավոնգսե Վարոպակարն արտաքին հարաբերությունների ինստիտուտի կողմից: «Դիվանագիտության ապագան. միտումներ, գործիքներ և կրթություն նոր դարաշրջանի դիվանագետների համար» խորագրի ներքո անցկացվող միջոցառմանը ներկա էին ավելի քան 100 մասնակիցներ՝ 41 երկրների  դիվանագիտական կրթության 46 հաստատությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, այդ թվում՝ թայլանդացի փորձագետներ: Մասնակիցները քննարկեցին դիվանագիտության և դիվանագիտական կրթության ապագային, տարածաշրջանային դիվանագիտության մարտահրավերներին, հետ-համաճարակային դարաշրջանում տնտեսական դիվանագիտության խթանմանը, զարգացման դիվանագիտությանը, հանրային դիվանագիտությանը և նշված ոլորտներում ապագա դիվանագետներին անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով օժտելուն վերաբերող հարցեր:
Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրենը ելույթով հանդես եկավ տարածաշրջանային դիվանագիտության մարտահրավերներին և փոփոխվող աշխարհակարգի վրա դրանց ազդեցությանը նվիրված նիստին: Դեսպան Գաբրիելյանը անդրադարձավ Հարավային Կովկասի և դրան հարակից շրջանների մի քանի հակամարտություններին, խոսեց Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների,  քաղաքացիական բնակչության դեմ միջազգայնորեն արգելված զենքերի կիրառման, Արցախի երկարատև շրջափակման, դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և էթնիկ զտման, նշված հակամարտությունների կարգավորման գործընթացներում միջազգային կառույցների ներգրավվածության մասին:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ